Մի քանի օր մտավարժանք արեցի Նիկոլ Փաշինյանի «բաղադրատոմսով»։ Փորձեցի Հայաստանը պատկերացնել առանց Մասիսի, առանց «Հայոցի», առանց պատմական հայրենիքի ու դրա հետ կապված ամեն ինչի, մշակույթից մինչ գրականություն, աշխարհագրությունից մինչև մտածողություն։ Ու արդյունքում ստացվեց, որ անհավանական լավ արդյունքի դեպքում մենք կարող ենք ունենալ անշառ ու նեղլիկ մի պետություն, բայց մեզ հայ կոչել խիստ դժվար կլինի։ Օրինակ, կարող ենք մեր պետությունը վերանվանել անդրկովկասյան քրիստոնյաների, չնայած մեզնից ի՞նչ քրիստոնյա, 100-ից 1-ը գիտի 10 պատվիրանները։ Ավելի տիպիկ կլինի «Անդրկովկասյան ուտողխմողների հանրապետություն», ավելի կարճ՝ «Կովկաս պանդոկ»։
Հետո հասկացա, որ, օրինակ, ես չեմ ուզում լինել այդպիսի մի ապագայի մասնիկը։ Եվ ես ունեմ ընտրության իմ աստվածային իրավունքը։
Ես նախընտրում եմ մնալ «ՀԱՅ», «ԱՐՄԵՆ» և լուծել ծառացած խնդիրները՝ որպես ժառանգը հազարամյակների և կրողը անցյալի ու այսօրվա բեռի, չբացառելով նաև վախճանի տարբերակը։
Բայց այպես շունչդ տեղն է գալիս, թևերդ բացվում են։ Չես մեղանչում ճշմարտության հանդեպ։ Ազատ արտաբերում ես «Ես իմ Մասիս սարն եմ սիրում», «Մեր սուրբ Մարաթուկ, Անդոկ...», «Սասնա Դավիթ, Առյուծ Մհեր...», «Կարին ու Կարս», «Մուշ ու Սասուն»։
Ո՞վ կարող է ինձնից խլել իմ միտքը, իմ սիրտը, իմ սերը...
Նիկո՞լը, Էրդողա՞նը, Պուտի՞նը, թե՞ Բայդենը:
Ե՛ս եմ իմ տերը: Այ սա՛ են փորձում կոտրել, մեր ինքնության վերջին սյունը՝ հոգևոր կապը, դրանից են սարսափում։ Բայց դա անհնար է, Աստծո գործերին չեն խառնվում:
Հ.Գ. Նկարում չքնաղ Վանա ծովն է:
Գեղամ Օհանյան